ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Խաչատրյանի փառատոն. Դեյվիդ Նեբելի մեկնաբանությամբ կհնչի Բեթհովենի Ջութակի կոնցերտը

Խաչատրյանի փառատոն. Դեյվիդ Նեբելի մեկնաբանությամբ կհնչի Բեթհովենի Ջութակի կոնցերտը
01.11.2017 | 11:27

Նոյեմբերի 9-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա մեծ ճանաչում ունեցող ջութակահար Դեյվիդ Նեբելը (Շվեյցարիա)։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի Ջութակի կոնցերտը։ Բեթհովենի Ջութակի կոնցերտը համարվում է եվրոպական դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այն առանձնանում է ասելիքի խորությամբ, քնարականությամբ և հոգու խորքերը թափանցող ուժով։ Հայ հանդիսատեսը Բեթհովենի Ջութակի կոնցերտի՝ Դեյվիդ Նեբելի մեկնաբանությունը կարող է ունկնդրել խաչատրյանական փառատոնի շրջանակում։


Նշենք, որ Դեյվիդ Նեբելին երաժշտական քննադատները նկատել են շատ վաղուց, երբ վերջինս դեռ 9 տարեկանում ունեցել է իր առաջին համերգը։ «Պատանի ջութակահար՝ խոստումնալից հեռանկարներով». այսպիսին էր Neue Zürcher Zeitung-ի նյութի վերնագիրը Camerata Zürich-ի հետ Նեբելի առաջին համերգի մասին: Որպես մենակատար ջութակահարը հանդես է եկել բազմաթիվ հայտնի համերգասրահներում և ճանաչված նվագախմբերի հետ:
Նոյեմբերի 9-ի համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի նաև Պյոտր Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան։


Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ